Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Հաղթանակ մի վաճառեք ընտրողին, այլ խնդրեք, որ նա ձեզ տանի դեպի հաղթանակ

Հաղթանակ մի վաճառեք ընտրողին, այլ խնդրեք, որ նա ձեզ տանի դեպի հաղթանակ
15.03.2026 | 15:05

Հայաստանի քաղաքական իրականության մեջ կա մի PR գործիք, որը տեսականորեն պետք է աշխատեր, բայց գործնականում տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ արժեզրկվել է։ Դա «հաղթելու ենք», «կրելու ենք», «իշխանությունը արդեն պարտվել է», «հաջորդ իշխանությունը մենք ենք» տիպի կարգախոսների քաղաքական տեխնոլոգիան է։ Դա հատկապես հիմնահատակ ավիրվել է Արցախը «հաղթելու ենք»-ով կորցնելուց հետո:

Շատ երկրներում նման ուղերձները ծառայում են որպես ընտրողին հոգեբանական մոբիլիզացիայի, վստահության և փոփոխությունների նկատմամբ հավատ, վստահություն ներշնչող գործիք, որ ստեղծեն հաղթանակի զգացողություն, ձևավորեն այն տրամադրությունը, որ ուժը աճում է, իսկ հաղթանակը մոտ է։ Բայց Հայաստանի քաղաքական մշակույթում այս մեխանիզմը գրեթե երբեք չի աշխատել այնպես, ինչպես նախատեսված է քաղաքական տեխնոլոգիաների մեջ։

Պատճառը պարզ է․ Հայ հասարակությունը հիշողություն ունի։

Հայաստանի ընտրողը վերջին տասնամյակներում չափազանց շատ անգամ է լսել խոստումներ, որոնք իրականության մեջ չեն իրականացվել։ Երբ որևէ քաղաքական տեխնոլոգիա կրկնվում է բազմաթիվ անգամ և չի բերում արդյունքի, այն դադարում է լինել մոբիլիզացիայի գործիք և վերածվում է դատարկ հռետորաբանության։

Սակայն այստեղ խնդիրը միայն արժեզրկումը չէ։ Խնդիրը ավելի խորքային է։

Հայ հասարակությունում նման մոտեցումները հաճախ առաջացնում են հակառակ հոգեբանական ռեակցիա։ Երբ քաղաքական ուժը հայտարարում է, որ հաղթանակը արդեն մոտ է կամ նույնիսկ արդեն փաստ է, ընտրողի մի հատվածի մոտ առաջանում է ոչ թե ներգրավվելու ցանկություն, այլ հակառակ մտածողություն․

- եթե ամեն ինչ արդեն որոշված է, ապա իմ մասնակցությունը ինչի՞ համար է պետք,

- եթե նրանք այդքան վստահ են, թող էդպես էլ լինի,

- գուցե արդեն ինչ-որ պայմանավորվածություն կա։

Այսպես այն, ինչը պետք է դառնար մոբիլիզացիայի գործիք, սկսում է աշխատել որպես պասիվացման մեխանիզմ։ Քաղաքական մասնակցությունը միշտ սնվում է մեկ պարզ զգացողությունից՝ «իմ մասնակցությունը կարևոր է»:

Իսկ երբ հասարակությանը ասում են, որ հաղթանակն արդեն գրեթե կատարված փաստ է, այդ զգացողությունը սկսում է թուլանալ, ոչ թե մոբիլիզացնել առ գործողություն:

Բայց կա նաև մեկ այլ, ավելի վտանգավոր հետևանք։ Երբ «հաղթելու ենք» տիպի նարատիվը չի իրականանում, հասարակության մի հատված սկսում է իրականությունը բացատրել ոչ թե քաղաքական գործընթացների տրամաբանությամբ, այլ դավադրական վարկածներով։ Սկսում են շրջանառվել խոսակցություններ գաղտնի պայմանավորվածությունների, կանխորոշված պարտությունների կամ «խաղերի» մասին։ Այսպիսով, քաղաքական գործընթացը դառնում է ավելի անթափանց և ավելի անվստահելի։

Սա այն դեպքերից է, երբ քաղաքական տեխնոլոգիան ոչ միայն չի աշխատում, այլև երկարաժամկետ վնաս է հասցնում վստահությանը։ Հետևաբար, Հայաստանի քաղաքական միջավայրում մոբիլիզացիայի շատ ավելի արդյունավետ մոդել կարող է լինել այլ տրամաբանության վրա կառուցված խոսույթը։

Ոչ թե՝ «մենք արդեն հաղթել ենք», այլ՝

«հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հասարակությունը որոշի մասնակցել դրան, դառնալ դրա մաս», և դա պետք է անել ոչ թե պահանջով, հոխորտանքով և վերամբարձ, այլ միայն խնդրանքով, խաթրաշատությամբ և կրկին իմաստնությամբ, հարգանքով, խնդրանքով: Այս տարբերությունը առաջին հայացքից փոքր է թվում, բայց իրականում փոխում է ամբողջ քաղաքական տրամաբանությունը։ Առաջին մոդելը հասարակությանը դարձնում է դիտորդ։ Երկրորդը նրան դարձնում է գործընթացի դերակատար։

Եվ հենց այստեղ է հայկական քաղաքական իրականության ամենակարևոր առանձնահատկություններից մեկը․ հասարակությունը շատ ավելի հեշտ է մոբիլիզացվում այն ժամանակ, երբ զգում է, որ պայքարը իրական է, ազնիվ ձգտմամբ, հանուն իրեն, իր շահերից, իր ձգտումներից, և արդյունքը դեռ բաց է, իսկ իր մասնակցությունը կարող է որոշիչ լինել։

Այլ կերպ ասած՝ Հայաստանի քաղաքական միջավայրում աշխատում է ոչ թե կանխորոշված հաղթանակի նարատիվը, այլ՝ մասնակցության նարատիվը։

Երբ հասարակությանը ասում են՝ «հաղթելու ենք», այն հաճախ անտարբեր է դառնում։

Բայց երբ հասարակությանը ասում են՝ «խնդրում եմ, որ դու մասնակցես, և կփոխվի», քաղաքական էներգիան սկսում է շարժվել։ Եվ սա արդեն ոչ թե PR հնարք է, այլ՝ քաղաքական հոգեբանության շատ ավելի խորքային օրենք։

P.S. Հաղթանակ մի վաճառեք ընտրողին, այլ խնդրեք, որ նա ձեզ տանի դեպի հաղթանակ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ